Մոսուլում ԻՊ-ի զինյալները 160-ից ավելի խաղաղ բնակիչների են սպանել քաղաքը լքելու փորձ անելիս. ՄԱԿ

Մոսուլի արեւմտյան արվարձանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից 163 խաղաղ բնակիչներ, ներառյալ երեխաներ են սպանվել քաղաքից հեռանալու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը:

«Երեկ իմ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ ԻՊ-ի զինյալների կողմից 163 մարդու սպանությունից հետո, որպեսզի նրանց թույլ չտան հեռանալ արեւմտյան Մոսուլի արվարձանից, իրաքցի սպանված տղամարդկանց, կանանց ու երեխաների մարմինները շարունակում են մնալ Ալ Շիրայի փողոցներում»,-հայտարարել է նա՝ Ժնեւում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանի բացմանը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը ենթադրում է, որ սպանությունները կատարվել են հունիսի 1-ին: Իրաքցի զինվորականներն անցած շաբաթ հայտարարել են, որ գրոհ են սկսել արեւմտյան Մոսուլի այն վերջին շրջանների վրա, որոնք գտնվում են ԻՊ-ի ահաբեկիչների հսկողության ներքո: Իրաքում ԻՊ-ի խոշորագույն պատվարի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում