Մեկ շաբաթում ադրբեջանական նավթն արժեզրկվել է ավելի քան 4 տոկոսով

Ադրբեջանական նավթի գինը վերջին մեկ շաբաթում շարունակաբար անկում ապրելով էժանացել է ավելի քան 4 տոկոսով` 2,28 դոլարով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական AzeriLight տիպի նավթը հունիսի 6-ին արժեզրկվել է 0,89 դոլարով` 1,76 տոկոս և ներկայումս մեկ բարելի արժեքը կազմում է 49,63 դոլար:

Ադրբեջանական նավթը հունիսի 3-ին էժանացել էր 1,39 դոլարով, կամ 2,68 տոկոսով մեկ բարելի համար դառնալով 50,52 դոլար:

Ադրբեջանական փորձագետների պնդմամբ` երկրում կայուն տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է, որ ադրբեջանական նավթի գինը լինի առնվազն 50 դոլարից բարձր:

2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:

Պայմանագրին հետևելով Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոն նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում