Հայաստանում ավելացել են առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները

Հայաստանից 2017 թվականի հունվար-ապրիլին արտահանման ծավալը կազմել է 608 մլն 381,2 հազար ԱՄՆ դոլար: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 16,1 տոկոսով: 2017 թվականի հունվար-ապրիլին 17,9 տոկոսով ավելացել է Հայաստան ներմուծման ծավալը` կազմելով 1մլրդ 80 մլն 629,2 հազար ԱՄՆ դոլար:

Առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1 մլրդ 689 մլն 10,4 հազար ԱՄՆ դոլար` աճելով 15,1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2017 թվականի հունվար-ապրիլին իրականացվել է 474 մլն 724,1 հազար ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` նախորդ տարվա հունվար-ապրիլի 405 մլն 95,1 հազար դոլարի փոխարեն աճելով 17,2 տոկոսով: Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ իրականացվել է 152 մլն 242,3 հազար ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի համեմատ ավելացել է 28,3 տոկոսով: Նախորդ տարվա հունվար-ապրիլին այն կազմում էր 118 մլն 319,7 հազար դոլար:

Հայաստանի և Շվեյցարիայի միջև այս տարվա առաջին չորս ամիսներին իրականացվել է 109 մլն 836,5 հազար դոլարի առևտուր` նախորդ տարվա 27 մլն 840,3 հազար դոլարի փոխարեն` ավելանալով շուրջ 3,9 անգամ:

Հայաստանի հետ խոշոր ծավալներով առևտրաշրջանառություն իրականացրած հաջորդ երկիրը Գերմանիան է, որի հետ այն կազմել է 88 մլն 398,5 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականի հունվար-ապրիլի 99 մլն 426,4 հազար դոլար ցուցանիշի համեմատ այն նվազել է 11,1 տոկոսով:

Շուրջ 34,1 տոկոսով ավելացել է Հայաստան-Բուլղարիա առևտրաշրջանառությունը` կազմելով 86 մլն 767,7 հազար ԱՄՆ դոլար: Հարևանի` Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 9,5 տոկոսով` կազմելով 68 մլն 387,1 հազար դոլար: Մեր մյուս հարևան երկրի՝ Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները նվազել են 14,5 տոկոսով. իրականացվել է 64 մլն 831,3 հազար դոլարի առևտուր: Զգալի աճ է գրանցվել նաև Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրաշրջանառության ծավալներում: 2017 թվականի հունվար-ապրիլին այն 2,5 անգամ ավելացել է` կազմելով 59 մլն 235,1 հազար ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ 2,4 անգամ ավելացել է Ֆինլանդիայի հետ առևտրաշրջանառությունը, 3,4 անգամ` Կիպրոսի, 2 անգամ` Չեխիայի և 3,1 անգամ Թաիլանդի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում