Թալիշցի տղամարդիկ պատրաստակամ են զենքը ձեռքին պաշտպանելու սեփական հողը

Թալիշցի 25-ամյա բնակիչ Անդրանիկ Աբրահամյանը նախորդ տարվա ապրիլից ի վեր զինվորագրվել է Արցախի պաշտպանության բանակի շարքերը, զենք է վերցրել և մնացել գյուղում պաշտպանելու իր հողը: Ապրիլյան դեպքերի ժամանակ Անդրանիկն իր ընտանիքի անդամներին` կնոջը և ծնողներին, բնակեցրել է Ալաշանում, և վերադարձել Թալիշ: «Արմենպրես»-ի հետ զրուցում Անդրանիկը վերհիշեց ապրիլյան դեպքերը և ներկայացրեց պայմանագրային ծառայության անցնելու պատճառները:

«Մեր խմբում բոլորը թալիշցիներ են: Մենք ունենք դիրքեր, որտեղ իրականացնում ենք մեր պաշտպանական գործողությունները: 7 օր անցկացնում ենք գյուղի անվտանգությունը հսկելով, իսկ երեք օր էլ տրամադրում ենք ընտանիքին»,- ասաց Անդրանիկը:

Նա Թալիշում զբաղվում է նաև մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ. համատեղում է հայրենիքի պաշտպանությունն ու գյուղատնտեսական գործունեությունը: Մինչև ապրիլյան դեպքերն Անդրանիկն աշխատում էր ջրմուղում, սակայն այդ օրվանից թողել է այդ աշխատանքն ու ձեռքը վերցրել զենքը:

«Աշխատանք միշտ էլ կգտնեմ, սակայն գյուղում գտնվելն ու այն պաշտպանելն ինձ համար ավելի հարազատ զբաղմունք է: Ես ոչ մի վայրկյան չեմ ցանկանում լքել գյուղը»,- ասաց պայմանագրային ծառայություն անցնող թալիշցին:

Նա համոզված է՝ Թալիշի տղամարդիկ միշտ էլ պատրաստակամ են պաշտպանելու գյուղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում