Մանչեսթրի ահաբեկչության գործով մի տղամարդու են ձերբակալել Հիթրոուում

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում մի տղամարդու Է ձերբակալել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում: Այդ մասին ասված Է հունիսի 7-ին Մեծ Մանչեսթրի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: «Տղամարդը Հիթրոուի օդանավակայանում ձերբակալվել Է «Մանչեսթր-Արենայում» կատարված ահաբեկչական գործողության հետաքննության կապակցությամբ»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ձերբակալման օրը չի ճշտվում: Ոստիկանությունն ընդգծում Է, որ տղամարդը 38 տարեկան Է եւ որ նա ձերբակալվել Է ահաբեկչական գործունեության հետ առնչության կասկածանքով:

Մանչեսթրի ահաբեկչական գործողության գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել Է 19 մարդ, որոնցից յոթն այժմ գտնվում են կալանքի տակ:

«Մանչեսթր-Արենա» ծածկած մարզադաշում պայթյունը որոտացել Է մայիսի լույս 23-ի գիշերը՝ ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի ելույթի ավարտից անմիջապես հետո: Մահապարտ-ահաբեկչի իրականացրած ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, վիրավորվել Է 75 հոգի:

Ոստիկանությունը հայտնել Է, որ ահաբեկչական գործողությունը կատարել Է 22-ամյա Սալման Աբեդին, որը ծնվել Է Մեծ Բրիտանիայում Լիբիայից գաղթածների ընտանիքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում