ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Ինչպես տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, նախքան քվեարկությունը խոսելով բանաձևի մասին, նշել է, որ Էրդողանի թիկնազորի գործողությունները միայն մեկ նպատակ ունեին՝ լռեցնել Թուրքիայի կառավարության դեմ ցուցարարների քննադատությունը: «Մենք պետք է բարձրաձայն ու հստակորեն հայտարարենք, որ պաշտպանելու ենք մեր քաղաքացիներին և ազատ արտահայտման ու հավաքներ իրականացնելու նրանց հիմնարար իրավունքները»,- ասել է Ռոյսը:

«Թուրքիայի և մյուս բոլոր երկրների համար պետք է հստակ լինի, որ մենք ընդդիմանալու ենք ազատ խոսք ճնշող ցանկացած փորձի դեմ»,- ասել է բանաձևի հեղինակներից մեկը՝ Սթենի Հոյերը:

Նյու Յորքից ընտրված կոնգրեսմեն Ադրանո Էսպաիլատը քննարկման ժամանակ նշել է, որ Էրդողանը որոշել է սպառնալ ամերիկացիներին այնպես, ինչպես վարվում է իր ժողովրդի հետ: «Նման պահվածքը չի կարող հանդուրժվել: Ներկայացված բանաձևը հստակ ու վճռական ուղերձ է հղում, որ կոնգրեսն այն չի հանդուրժի»,- ասել է նա:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ասելով. «Երկար տարիներ Անկարայի ցեղասպանական սարսափների, այդ երկրում կատարվող իրավախախտումների ու արտասահմանում բռնության դրսևորումների վրա աչք փակելուց հետո Միացյալ Նահանգներն այսօր կարևոր քայլ կատարեց՝ մարտահրավեր նետելով ընդդեմ Թուրքիայի բռնության և հակադրվելով այդ երկրի հակաամերիկյան տրամադրվածություններին»:

Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ):

Բանաձևը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:

Բանաձևի տեքստում նշվում է. «Ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին: Բացի այդ, ինչպես ասված է բանաձևում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից: Բանաձևում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝ բանաձևում շեշտվում է, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես, օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում