Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ համերաշխություն հայտնեց Իրանի բարեկամ ժողովրդին

Հայաստանի Ազգային ժողովը հերթական ընդմիջումից հետո նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ համերաշխություն հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին. Թեհրանում հունիսի 7-ին ահաբեկչություններ են տեղի ունեցել: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավով նշեց, որ Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում կան տուժածներ: «Մենք տեղեկատվություն ստացանք, որ Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ես կարծում եմ, որ մենք պետք է դատապարտենք այդ ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք մեր բարեկամ ժողովրդին»,- ասաց Շարմազանովը:

Նա Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից համերաշխություն հայտնեց Իրանի բարեկամ ժողովրդին՝ ընդգծելով, որ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները դատապարտում են բարեկամ երկրում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը: «Մենք իրանի ժողովրդի հետ ենք, և մեր պատգամավորները մեկ մարդու նման պետք է դատապարտեն այդ ահաբեկչական ակտը: Ես առաջարկում եմ, որ մենք նիստը սկսենք մեկ րոպե լռությամբ՝ այդպիսով արտահայտելով մեր համերաշխությունը Իրանի ժողովրդին»,- ընդգծեց Շարմազանովը:

Տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարան են ներխուժել 4 զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Ահաբեկիչները համանման գործողություններ են ձեռնարկել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանում: Դամբարանի մոտ ահաբեկիչներից մեկը գործարկել է պայթուցիկ սարք և ինքն իրեն պայթեցրել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում