Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարի համակարգման ազգային կենտրոն է ստեղծվել

Ֆրանսիայում ստեղծվում է հետախուզման եւ ահաբեկչության դեմ պայքարի համակարգման ազգային կենտրոն, նոր կառույցը կենթարկվի անձամբ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմնպրես»-ը, հունիսի 7-ին այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում: Այս որոշումն ընդունվել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում: Նոր կառույցի շրջանակներում կհայտնվի նաեւ ազգային հակաահաբեկչական կենտրոն:

«Հանրապետության նախագահը նշել է, որ այս ատյանը, որը կգտնվի իր ղեկավարության ներքո, պետք է մեծացնի երկարաժամկետ ահաբեկչական սպառնալիքից պաշտպանության արդյունավետությունը, որը ծառացել է Ֆրանսիայի հանդեպ, ապահովելով այդ աշխատանքին մասնակցող ծառայությունների գործողությունների ուժեղացված համակարգումը»,- պարզաբանել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:

Հետախուզման եւ ահաբեկչության դեմ պայքարի համակարգման ազգային կենտրոնի աշխատանքը կտնօրինի Պիեռ դը Բուսկե դը Ֆլորիանը, որը տարբեր տարիների պաշտոնավարել է Ֆրանսիայի տարբեր դեպարտամենտներում, իսկ այժմ ղեկավարում է հանրապետության ներքգործնախարարությանը կից կոնսուլտացիոն կենտրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում