Եվրամիությունն աղքատության դեմ պայքարի ռազմավարություն է ընդունել

Եվրամիությունը հունիսի 7-ին ընդունել է զարգացող երկրների հետ համագործակցության ռազմավարական պլան, որի գլխավոր նպատակն աշխարհում աղքատությունն արմատախիլ անելն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Զարգացման բնագավառում եվրոպական այս նոր փոխհամաձայնությունն» իրենից ներկայացնում է աղքատությունն արմատախիլ անելու եւ կայուն զարգացման հասնելու նոր կոլեկտիվ տեսլական եւ գործողությունների պլան»,– նշված է Եվրամիության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ռազմավարությունը համատեղ հայտարարության ձեւով ստորագրել են ԵՄ-ում նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մասկատը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Ռազմավարությունն ընդունում է սերտ փոխադարձ կապը տարբեր տարրերի միջեւ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, խաղաղությունը եւ անվտանգությունը, հումանիտար օգնությունը, միգրացիան, շրջակա միջավայրը եւ կլիման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում