Քաղաքացին գողացած քարտով բանկոմատից գումար է կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 8-ին երթուղային տաքսու մեջ հափշտակել են քաղաքացու դրամապանակը, որի մեջ գտնվել է կանխիկ գումար և բանկային քարտ: Օրեր անց՝ մայիսի 10-ին, գողացված բանկային քարտով բանկոմատից կանխիկացվել է գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է տեսանկարահանող սարքերի՝ տվյալ գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված սև շապիկով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում