Շարմազանովը պետական գույքի մասնավորեցման ծրագրի նպատակը համարում է արդյունավետ կառավարումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում մասնավորեցման ներկայացված գույքի ցանկը կազմվել է առողջ տրամաբանության շրջանակում: Ազգային ժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ պետական գույքի մասնավորեցումը փող հավաքելու միջոց չէ. դրա նպատակը արդյունավետ կառավարում ապահովելն է:

«Բնականաբար, այս հարցը հանրային մեծ հետաքրքրություն է առաջացնում, որովհետև ոչ ոք չի կարող անտարբեր լինել պետական գույքի մասնավորեցման հարցում: Նախ՝ հարկավոր է հասկանալ՝ մասնավորեցումը լա՞վ երևույթ է, թե՞ վատ: Այդ հարցը, իհարկե, միանշանակ պատասխան չունի, սակայն կարող ենք ասել, որ հաջողել են այն պետությունները, որոնք մասնավորեցման ծրագրեր են կյանքի կոչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա նշեց, որ պետական գույքի մասնավորեցման հարցում հաջողության հասնելու համար հարկավոր է այդ ծրագիրը իրականացնել մտածված և նպատակային: ԱԺ փոխնախագահը բերեց պետական գույքի մասնավորեցման մի շարք արդյունավետ օրինակներ: Մասնավորապես, նա հիշեցրեց, թե ինչ վիճակում են եղել բազմաթիվ հիվանդանոցներ կամ «Զվարթնոց» օդանավակայանը մինչև մասնավորեցումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում