Չինաստանը դարձել է Ղազախստանի հիմնական տնտեսական գործընկերը. Նազարբաեւ

Չինաստանը դարձել է տնտեսութան բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Աստանաում կայացած հանդիպմանը: «Չինաստանը տնտեսության բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերն է դարձել ուղղակի օտարերկրյա ներդրումների, տրված վարկերի եւ համատեղ ձեռնարկությունների ծավալով»,-նշել է Նազարբաեւը:

«Մենք լուծել ենք Էներգետիկական համագործակցության հարցը. Ղազախստանում արդյունահանվող նավթի 25 տոկոսը տալիս են չինական ընկերությունները: Այժմ նրանք պարտավորագրերի երկարաձգման հարց են դնում, մենք շատ ուշադիր ենք լինելու, որովհետեւ նրանք մեր լավ գործընկերներն են համատեղ աշխատանքում»,-պարզաբանել է Նազարբաեւը:

Նախագահի խոսքով՝ Աստանայի եւ Պեկինի միջեւ հաստատվել են «օրինակելի միջպետական հարաբերություններ»: «Մենք չլուծված հարցեր չունենք, ծագող բոլոր հարցերը լուծվում են»,-նշել է Ղազախստանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում