ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն է հայտնել առևանգված ադրբեջանցի լրագրող Մուխտարլիի գործով

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքն իր մտահոգություններն է հայտնել ադրբեջանցի լրագրող ու մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի անօրինական առևանգման ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի նկատմամբ:

Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ-ից, Լինքը նշել է, որ Մուխտարլիի հետ կատարվածը պարզելու նպատակով պետք է պատշաճ հետաքննություն իրականացնել: «Իշխանության չարաշահման ցանկացած դեպք կամ հանցավոր արարք, որն իրականացրել են օրինապահ մարմինները, պետք է հետաքննվի ու պատասխանատու բոլոր անձինք պետք է օրինական պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:

Լինքն ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը շարունակելու է հետևել դեպքի զարգացումներին: «Եթե Մուխտարլիի դեմ քրեական հետապնդումները հիմնված են հորինված ապացույցների ու գործողությունների վրա, իշխանությունները պետք է անհապաղ կերպով դադարեցնեն նրա դեմ գործն ու ազատ արձակեն նրան»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:

Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոցը է ընդունել երեք ամսով կալանքը:

Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում