Աֆղան Մուխտարլին չի ցանկանում Ադրբեջանի քաղաքացի մնալ

Աֆղան Մուխտարլըն, ով Թբիլիսիում առևանգվելով անօրինաբար տեղափոխվել է Բաքու և ձերբակալվել, չի ցանկանում Ադրբեջանի քաղաքացի մնալ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:

Աֆղան Մուխտարլըն հայտնել է, որ չի ցանկանում լինել մի երկրի քաղաքացի, որը զբաղվում է իր քաղաքացիների առևանգմամբ:

Մուխտարլըն նաև երկրի ղեկավարությանը կոչ է արել արդարացի գտնվել և օբեկտիվորեն պատժել այս գործում ներգրավված բոլոր մեղավորներին:

Լրագրողի փաստաբան Սադըգովը հայտնել է, որ իր պաշտպանյալը ցանկություն է հայտնել հանդիպել Ադրբեջանում Վրաստանի դեսպանի հետ:

«Մենք իրավաբանորեն պահանջել ենք, որ Ադրբեջանում Վրաստանի դեսպանը հանդիպի Մուխտարլըին, պարզաբանումներ տա նրա՝ Վրաստանում առևանգման հետ կապված և պատասխանի պաշտպանյալիս հարցերին»,- ասել է Սադըգովը:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Մաուխտարլըն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և գտնում է, որ իրեն ձերբակալել են ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում