Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ևս մեկ ներկայացուցիչ

Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թևի անդամ Իսլամ Իսլամզադեն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Աղդամի շրջանի դատարանը Իսլամզադեին դատապարտել է նախնական 25 օրվա ազատազրկման և նա տեղափոխվել է Բարդեի քրեակատարողական հիմնարկություն:

Կուսակցության հարցերին, թե ինչու է ձերբակալվել Իսլամզադեն, ոստիկանությունը դեռևս պարզաբանումների չի տալիս:

Մայիսի 26-ին Ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:

Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:

Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:

Ազգային խորհրդի փոխանցմամբ` Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելով, և դրանից հետո երկրում ճնշումներն առավել ակտիվացնելով, ալիևյան ընտանիքն իր միապետական իշխանությունն ամրապնդելու համար ընտրել է ժողովրդի շրջանում վախի մթնոլորտն ավելի մեծացնելու ճանապարհը:

Հունիսի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը, որի ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց վիճակը, նրանց դատավարությունների ընթացքն ու արդյունքները, վերջին օրերին կատարված ձերբակալությունները և այլն:

Նիստի ժամանակ թարմացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, որում ներկայումս ներառված է 165 անձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում