Արաբական չորս երկրներ հրապարակել են Կատարի աջակցությունը վայելող ահաբեկիչների ցուցակը

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում թվարկված են այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ եւ որոնք ուղղակի աջակցություն են ստանում Կատարի կողմից: Այդ մասին հայտնել է Al Jizeera- ն:

Ցանկում տեղ են գտել 59 ֆիզիկական անձինք, առավելապես կատարցիներ ու եգիպտացիներ: Ցուցակում հայտնվել են խոշոր գործարարներ ու քաղաքական գործիչներ, ներառյալ իշխող դինաստիայի անդամ եւ Կատարի նախկին վարչապետ Աբդուլա բին Խալիֆ ալ Թանին: Հիշատակվում է նաեւ Մուսուլման գիտնականների միջազգային միության նախագահ եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման ոչ պաշտոնական առաջնորդներից մեկը՝ Աբդուլահ Յուսուֆ ալ Կարդավին: Սեւ ցուցակում ներառված են նաեւ 12 ընկերություններ, որոնք են Կատարի մասնակցությամբ ստեղծվել ու հովանավորվել այդ երկրի, ինչպես նաեւ Լիբիայի եւ Բահրեյնի տարածքում: Նրանց թվում են հայտնվել Դոհայում Apple-ի ստորաբաժանումը, ինչպես նաեւ մի շարք բարեգործական կազմակերպություններ: Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել են Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը, Կոմորյան կղզիները: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Կատարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Կատարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում