Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը

Իրանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վան Ին քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Հանդիպումը նախօրյակին կայացել է Աստանայում, որտեղ ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Պարսից ծոցի իրադրության շուրջ: Վան Ին հայտարարել է, որ Պարսից ծոցում խաղաղության ու կայունության պահպանումը համապատասխանում է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես Էլ միջազգային հանրակցության ընդհանուր շահերին»,– ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ համապատասխան երկրները կառուցողական մոտեցմամբ կարգավորեն իրենց հակասությունները:

Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել են Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը, Կոմորյան կղզիները: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Կատարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Կատարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում