Իրանն Ադրբեջանին ընկալում է որպես տարածաշրջանի հիմնական մարտահրավեր

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետեւանքով երկիրը խստացնելու է իր քաղաքականությունը հարևան պետությունների հանդեպ: Նրա խոսքով՝ դժվար իրավիճակում է հայտնվելու հատկապես Ադրբեջանը:

«Ադրբեջանի ցանկությունն է հարաբերություններ ունենալ արեւմտյան դաշինքի հետ, բայց այստեղ սահմանափակում կա, որովհետեւ Թուրքիան, որը տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է, այս հակամարտության համատեքստում ուրիշ դիրքորոշում ունի. այսինքն՝ Ադրբեջանը եւ Թուրքիան հայտնվել են տարբեր կողմերում, ինչը բավականին լուրջ խնդիր է Ադրբեջանի դիվանագիտության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Իրանը հստակ գնահատում է իրեն սպառնացող ռիսկերը եւ աղբյուրները, իսկ Ադրբեջանը իրանական կողմի համար այս առումով կարող է դիտարկվել որպես հիմնական մարտահրավերներից մեկը:

«Ադրբեջանը «Իսլամական պետությանը» մատակարարող երկիր է. գիտենք, թե որքան շատ ադրբեջանցիներ են ներգրավված եղել դրա շարքերում: Բացի այդ, Ադրբեջանը առիթը բաց չի թողել Արեւմուտքի աջակցությամբ Իրանում որոշակի ազգամիջյան բախումներ հրահրելու համար այսպես ասած ադրբեջանական գործոնն այնտեղ ակտիվացնելու միտումով: Իրանում եկել են այն եզրակացության, որ դրսից ինչ-որ մեկը փորձելու է երկրի ներսում իրավիճակը սրել, եւ այս առումով Ադրբեջանն ընկալվում է որպես առաջին մարտահրավեր: Բնականաբար, հարաբերությունները երկու երկրների միջեւ կարող են սրվել»,-ընդգծեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ բավականին դժվար է կանխատեսել, թե տարածաշրջանում ինչ նոր զարգացումներ կլինեն: Նա նշեց, որ, հնարավոր է, ձեւավորվի դեպքերի զարգացման երկու սցենար:

«Դա կամ տոտալ անտարբերությունն է, կամ բիրտ ուժի միջոցով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հնարավորությունը: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ են, ինչպես կարձագանքեն համընդհանուր ապակայունացման պարագայում լոկալ հակամարտությունների վերահսկման հավանականությունը»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում