Պետգնումների համակարգում մրցակցության մակարդակն աճել է

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը պետական գնումների արդյունավետության գնահատման համար մրցակցության աստիճանն ամենակարևոր ցուցանիշն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետն արձանագրեց, որ այդ ուղղությամբ համակարգում կա էական աճ, և կարելի է ասել, որ մրցակցությունը կրկանապատկվել է:

«Եթե 2015 թվականին բաց մրցույթների համակարգում միջին մասնակցությունը եղել է 3,4, ապա 2016 թվականին այն եղել է 6,4: Նույնը վերաբերում է նաև պարզեցված ընթացակարգերին` 2015-ին եղել է 3,3, իսկ 2016-ին` 1,5: Այսինքն` մրցակցության աճ կա, և սա, իհարկե, ուրախացնող ցուցանիշ է»,- ասաց Շահնազարյանը` հավելելով, որ 2017 թվականի մասին վաղ է խոսել, քանի որ հաշվետվությունները դեռ գործընթացի մեջ են: Նա նաև նկատեց, որ ապրիլի 25-ից գնումների մասին նոր օրենքի կիրառության շնորհիվ նոր կարգավորումներ են կիրառվել գնումների համակարգում:

Անդրադառնալով պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարմանը` Շահնազարյանը նշեց, որ 2015 թվականին այն ընդհանուր համակարգի մեջ կազմում էր 18,7 տոկոս, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը համեմատաբար բարելավվել է և կազմել 7,2 տոկոս: «Այս ամենը խոսում է բյուջետային կարգապահության և բյուջեներն ավելի ճիշտ կարգավորելու մասին: Կարծում ենք, որ 2017 թվականին մենք ցուցանիշն էլ ավելի կնվազեցնենք»,– վստահեցրեց պետգնումների մեթոդաբանության վարչության պետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում