Ռեկորդային թվով կանայք են տեղեր ստացել բրիտանական խորհրդարանում. Daily Telegraph

Քվեարկության նախնական տվյալների հիման վրա ավելի քան 200 կանայք են տեղեր ստացել բրիտանական խորհրդարանում. դա գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիների ռեկորդային թիվ է, որոնք, ընտրությունների արդյունքներով, հայտնվել են օրենսդիր մարմնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Daily Telegraph թերթը:

2015 թվականին անցկացված նախորդ ընտրությունների արդյունքներով՝ կանայք ստացել էին 191 խորհրդարանական տեղ, լրացուցիչ ընտրություններից հետո ստորին պալատում նրանց թիվն ավելացել էր մինչեւ 196:

Հունիսի 8-ին կայացած քվեարկության արդյունքներով՝ խորհրդարանում իր տեղը, մասնավորապես պահպանել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը՝ վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյի մերձավոր կողմնակիցներից մեկը: Միացյալ Թագավորության խորհրդարանում տեղ է ստացել նաեւ սիկհերի ներկայացուցիչ Փրիթ Ջիլը, որը Լեյբորիստական կուսակցությունից առաջադրվել էր Բրիմինգհեմի ընտրատարածքներից մեկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում