Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ն «ամենամեծ ԻՊ-ն» է համարել տարածաշրջանում

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հետ հրաժեշտի արարողությանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հովանավորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ ինքն է «ամենամեծ ԻՊ-ն», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ահաբեկչական գործությունների հետեւանքով զոհվել Է 17 մարդ, եւս շուրջ 50 հոգի վիրավորվել են: Զոհերի հետ հրաժեշտի արարողությունը հունիսի 9-ին Թեհրանում անցկացվում է անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում: «Մենք դիմակայում ենք ԻՊ-ին եւ նրա զինյալներին, բայց Ամերիկան ամենամեծ ԻՊ-ն է աշխարհում, նա է ԻՊ-ի կողքին կանգնած տարածաշրջանում: Մենք կբարձրացնենք վարագույրը եւ կբացահայտենք, որ ամերիկյան բանակը եւ Կենտրոնական հետախուզական վարչությունն են (ԿՀՎ) հիմնական աջակցությունը ցուցաբերում ԻՊ-ին»,– նշել է քաղաքական գործիչը: Լարիջանին Սաուդյան Արաբիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Իր հերթին Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զուլֆիքարին հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններից հետո ուժայինների լայնածավալ գործողություն է անցկացվել ամբողջ երկրում եւ արտասահմանում: «Գործողության «նշանակալի» արդյունքների մասին պաշտոնյան խոստացել է հայտնել մոտ ժամանակներս: Ցավակցություն է հայտնել նաեւ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեին: «Այս ահաբեկչությունները վարձկանների կողմից դրսեւորվող ատելության եւ ագրեսիայի ակնհայտ վկայությունն են: Այս ահաբեկչական գործողությունների արդյունքն աճող ատելությունն է ամերիկյան վարչակազմի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ»,-ասված է Խամենեիի՝ զոհերի հարազատներին ուղղված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում