Արցախում միշտ հիշում ու բարձր են գնահատում Սերգեյ Սարինյան հայրենանվեր գործունեությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ընտանիքին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Ներսեսի Սարինյանի մահվան մասին:

Մեծ է Սերգեյ Սարինյանի ավանդը հայ գրականագիտության զարգացման մեջ: Նա կրթել ու դաստիարակել է մի քանի սերունդների, ովքեր պատվով կշարունակեն իրենց ուսուցչի գործը:

Արցախում միշտ հիշում ու բարձր ենք գնահատում մեր մեծ հայրենակցի, անձնվեր հայրենասերի եւ քաղաքացու ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը: Նա եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից՝ ըստ ամենայնի սատարելով հարազատ ժողովրդին, ապրելով նրա հոգսերով ու ձգտումներով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն ու ոգու կորով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում