«Քաղաքական» տերմինը ամեն բան արդարացնելու համար նախատեսած մոգական բառ չէ

«Քաղաքական» տերմինը ամեն բան արդարացնելու համար նախատեսած մոգական բառ չէ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ցանկացած քաղաքական ուժ կամ համախոհների միավորում իրավունք ունի դժգոհել իշխանություններից և պայքարել հանուն իշխանափոխության: Դա ոչ միայն քաղաքական կյանքի պարտադիր բաղադրիչն է, այլ նույնիսկ ողջունելի գործընթաց: Առանց լուրջ ընդդիմության, առանց իշխող գաղափարախոսությանը կենսունակ այլընտրանքային մոտեցումների պետությունը, քաղաքական համակարգը աստիճանաբար լճանում է ու դադարում պրոգրես գրանցելուց: Առանց լուրջ ընդդիմության առկայության, ցանկացած իշխանություն ժամանակի ընթացքում այլասերվում է ու վերածվում տիրանի, թեկուզև ակամա: Սակայն ցանկացած քաղաքական պայքարը ենթադրում է մի սահման, որից այն կողմ անցնելը ոչ միայն վտանգավոր է պետության, հասարակության համար, այլև քրեորեն պատժելի, քանի որ օրենքների ու սահմանադրության շրջանցումն ու ոտնահարումը նախատեսում է կոնկրետ պատասխանատվություն:

Եթե ցանկացած մարդ իր պատկերացումների իրականացմանը ձգտի հասնել առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, ապա որքան էլ այդ պատկերացումները լինեն ազնիվ ու հայրենանվեր, կփլուզվի հասարակական կարգը, կքանդվեն հանրության համակեցության կանոնները և պետությունը կգլորվի քաոսի ու անարխիայի գիրկը: Եթե մեկը զենքի միջոցով փորձում է իշխանափոխություն իրականացնել ու դա իրեն հաջողվում է, դրանով կանաչ լույս է վառվում մեկ այլնի համար, քանի որ առաջինի իրականացրած «ազնիվ ու հայրենանվեր» պատկերացումները կարող են չհամապատասխանել մեկ ուրիշի պատկերացումներին, սակայն քանի որ առաջինին ներվել է զենքի գործածումը, այդ նույն մոտեցումը պետք է ներվի նաև երկրորդին ու այդպես շարունակ: Հակառակ դեպքում մենք կբախվենք երկստանդարտ մոտեցմանը ու առաջինը, ամենայն հավանականությամբ, կվերածվի շատ ավելի դաժան բռնապետի, քան իր պատկերացմամբ գործող իշխանությունն էր:

«Սասնա Ծռերի» խմբի անդամներից ոմանք որքան էլ ունենան հերոսական անցյալ ու հայրենասեր մարդու համբավ, ամեն դեպքում դա նրանց իրավունք չի վերապահում խախտել օրենքները, խաթարել հասարակության մյուս անդամների անվտանգությունն ու երկիրը տանել դեպի զինված ապստամբության: Իվերջո մարդու անցյալը նրա ներկայի երաշխիքն ու անձեռնամխելիության գրավականը չէ: Մարդիկ իրենց կյանքի տարբեր փուլերում կարող են իրենցից ներկայացնել տարբեր կերպարներ: Քիչ չեն դեպքերը, երբ նախկին հերոսը հանգամանքների բերումով կամ սեփական նախաձեռնությամբ վերածվում է հանցագործի, կամ նախկին անուղղելի թվացող հանցագործը վերափոխվում է օրինապաշտ ու առաքինի մարդու: Օրինակ Վիկտոր Հյուգոյի Ժան Վալ Ժանը (բերում եմ գրական օրինակ, քանի որ պատմական օրինակներ բերելը սոփեստության հակում ունեցող մարդկանց հնարավորություն է ընձեռում տրվելու դեմագոգիայի):

Բացի այդ, հաճախ է հնչում տեսակետ, որ «Սասնա Ծռերը» զենք վերցնելու իրավունք չունեին, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական դրության մեջ և մեր ցանկացած թուլացում կարող է հակառակորդի համար հանդիսանալ հարձակման առիթ: Ես այդ տեսակետի հետ համաձայն չեմ, քանի որ համոզված եմ, որ քաղաքական հարցերը զենքի միջոցով լուծելը պետք է դատապարտելի լինի ցանկացած պարագայում, եթե նույնիսկ մենք մեր բոլոր հարևան երկրների հետ ունենայինք եղբայրական հարաբերություններ: Պատերազմական դրության մեջ գտնվելը օրենք խախտելու հետ որևէ աղերս չունի: Յուրաքանչյուր օրինախախտ պետք է կրի իր պատիժը, անկախ պետության միջազգային հարաբերությունների դրությունից:

Կա նաև հարցի մյուս կողմը: Որոշ շահագրգիռ կողմեր փորձում են «Սասնա Ծռեր» խմբի անդամներին ներկայացնել որպես քաղբանտարկյալներ՝ դրանով խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը: Այլ բան է, երբ մարդը դատապարտվում է իր քաղաքական հայացքների համար (այդ մարդն իրոք քաղբանտարկյալ է), միանգամայն այլ, երբ մարդը պատասխանատվության է ենթարկվում իր գործողությունների համար: Որքան էլ նպատակը քաղաքական լինի, միջոցները կարող են լինել դատապարտելի, իսկ «քաղաքական» տերմինը մոգական բառ չէ, որպեսզի արդարացնի ցանկացած քայլ: Եթե որևէ անհատ կամ խումբ զենքը ձեռքին (իդեպ, հենց անօրինական զենքի առկայությունն արդեն օրենքի խախտում է) գրավում են պետական, ռազմական օբյեկտ, որի արդյունքում սպանվում են այդ օբյեկտը պահպանող մարդիկ, սպառնում են պետության ու հասարակության անվտանգությունը, այլոց դրդում են հետևելու իրենց կոչերին, ապա որքան էլ հայտարարվի, որ մեր գործողությունների հիմքը քաղաքական է, այնուամենայնիվ այդ մարդիկ պետք է կրեն օրենքով սահմանված պատիժն ու չկոչվեն քաղբանտարկյալներ: Հակառակ պարագայում ես վաղը կարող եմ ապտակել որևէ ոստիկանի ու հայտարարել, որ ապտակիս հիմքը քաղաքական է, քանի որ դժգոհ եմ իշխանություններից: Վաղը կարող եմ կողոպտել որևէ պետական հիմնարկ ու հայտարարել, որ այդ գումարները գողացված են ժողովրդից, իսկ ես հայտ եմ ներկայացնում մերօրյա Ռոբին Հուդը դառնալու: Կարող եմ որևէ պետական պաշտոնյայի պատանդ վերցնել ու պահանջել իշխանությունների հրաժարականը:

Ասածս բնավ չի նշանակում, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ պետք է անհանդուրժողականություն ու աններողամտություն դրսևորել: Բայց նաև պետք չէ հերոսացնել կամ ներկայացնել խորհրդավոր շղարշի ներքո ու նրանցից կերտել անձնազոհ հեղափոխականների: Նրանց պարզապես պետք է վերաբերել որպես ՀՀ քաղաքացիների, ովքեր խախտել են օրենքները և պետք է պատասխանատվություն կրեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում