ՄԽ համանախագահները Բակո Սահակյանի հետ քննարկել են Արցախի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

ՄԽ համանախագահները Բակո Սահակյանի հետ քննարկել են Արցախի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների եւ միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ:

Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում