Նոր աշխարհակարգում Արցախը միջազգային ճանաչման մեծ հնարավորություններ ունի

Նոր աշխարհակարգում Արցախը միջազգային ճանաչման մեծ հնարավորություններ ունի

Աշխարհը մտել է այնպիսի փուլ, որ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգն այլևս չի գործում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով անկախությունների մասին հանրաքվեներին՝ Իսպանական Կատալոնիայի հոկտեմբերի 1-ին նախատեսվող անկախության հանրաքվե, սեպտեմբերի 25-ին՝ Իրաքի տարածքում Քրդական պետության անկախության հանրաքվե և այլն, գրում է Թերթ.am-ը:

Խոսելով այն մասին, թե ինչ զուգահեռներ կարող ենք անել նման հանրաքվեների ֆոնին ԼՂ հակամարտության հարցում, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե աշխարհակարգն այլևս չի կարող ապահովել այն ստատուս քվոն, որին ինքը ձգտում էր: Իսկ հիմնական քաղաքական վեկտորները, ըստ նրա, երեքն են՝ ԱՄՆ-ն է, Չինաստանը և Ռուսաստանը:

«Ի տարբերություն «սառը պատերազմի» ժամանակ, երբ ուժի երկու կենտրոնները լիովին իշխում էին աշխարհը, հիմա դա հնարավոր չէ, և փոքր ու միջին պետություններն ազատ գործելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում»,– ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ դա բերում է նաև նրան, որ փոքր պետություններն ազգային խնդիրներ են դնում և կարողանում են համախմբվել այդ խնդիրների շուրջը և հնարավորություն են ստանում հասնել իրենց նպատակներին: «Այս առումով Արցախի պայքարն անկախության համար ստրատեգիական առումով ունի մեծ հնարավորություններ՝ հասնելու աշխարհի կողմից ճանաչման»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանի անվտանգության տեսանկյունից ինչ զարգացումներ կարելի է տեսնել Մերձավոր Արևելքի փոփոխության զուգահեռ, քաղաքագետը պատասխանեց, թե մեզ նման պետություններն ստանում են և վտանգներ, և հնարավորություններ:

Ըստ նրա՝ Թուրքիայի և Իրանի հակասությունները մեծանում են և հիմնական պատճառն այն է, թե ով է ստանալու տարածաշրջանում իշխողի դերը: «Երկու երկրների ամբիցիաներն էլ բավական մեծ են։ Այս առումով, եթե որոշակի համագործակցության եզրեր էլ նկատում ենք, ապա դրանք տակտիկական են»,- ասաց նա:

Իսկ Հայաստանի համար հնարավորությունները, ըստ նրա, կապված են այն վերաձևավորումների հետ, որ պետք է մոտակա շրջանում լինեն:

«Քրդական պետության ստեղծումը նշանակում է, որ սահմանները փոխվում են, իսկ այս նոր աշխարհակարգը տարածաշրջանային առումով, որպես քննարկումների հիմք պետք է ընդունեն Սևրի պայմանագիրը, որովհետև միակ միջազգային փաստաթուղթն է, որը 20-րդ դարի սկզբում ընդունվել է և հիմք պետք է ձևավորի նոր վերաձևավորումների համար: Ուզած չուզած պետք է վերադառնան այս պայմանագրին, և այս առումով մենք պետք է պատրաստ լինենք»,-ասաց նա:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ դա ոչ միայն Մերձավոր Արևելքին է վերաբերում, այլ նաև ՀՀ-ին: «Մենք պետք է կարողանանք մեկ անգամ ևս արդիական դարձնել ներկա քաղաքականության օրակարգային խնդրը»,- ասաց նա և հստակեցրեց, թե հեռու է այն մտքից, որ Հայաստանին սկուտեղի վրա կմատուցեն Սևրի պայմանագրով հաստատված սահմանները, բայց որ հաշվի կառնեն, ըստ նրա, հնարավոր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում