ՆԱՏՕ-ն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ՄԽ համանախագահների ջանքերին

ՆԱՏՕ-ն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ՄԽ համանախագահների ջանքերին

ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում Վրաստանում տեղակայված մեր գրասենյակից: Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումներն ավելի հաճախակի են եղել, ավելացել է ռազմատենչ հռետորաբանությունը: Քանի որ ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորման հարցում ուղղակի ներգրավվածություն չունի, ես չեմ կարող մեկնաբանություններ տալ: Միայն կարող եմ ասել, որ մենք սատարում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,– ընդգծեց նա:

Ապատուրայը հավելեց, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները մտահոգված են նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճով, քանի որ դրան զուգահեռ ավելանում է կողմերի թշնամանքը միմյանց նկատմամբ: «Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից հստակ է դառնում, որ նրանք բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից են, իսկ ՆԱՏՕ-ի քաղաքականությունն է նվազեցնել լարումը, թշնամանքը և հասնել խաղաղության»,– եզրափակեց Ջեյմս Ապատուրայը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում