Շինությունների միասնական ոճ չունենալու մտահոգությունը տեղին է

Շինությունների միասնական ոճ չունենալու մտահոգությունը տեղին է

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարևոր է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին հանձնարարականը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նա նշեց, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է, բայց արմատական լուծում չի ստացել:

«Միշտ ասվել է, որ մեր թամանյանական ոճի շենքերի նկատմամբ նման մոտեցում ցուցաբերելը, դեֆորմացնելը, թե գեղարվեստական, թե քաղաքաշինական առումով անթույլատրելի է: Այդ շենքերն արդեն մինչև 7-բալանոց սեյսմակայունություն ունեն, այսինքն՝ դրանց ռեսուրսը սպառված է, և մի ավելորդ ծանր բեռն արդեն իսկ վտանգում է բոլոր բնակիչներին: Տեսնում ենք, որ տանիքներն աղավաղված են»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ վարչապետի մտահոգությունը շատ տեղին է: Մկրտիչ Մինասյանը հույս հայտնեց, որ գոնե այս անգամ այդ մտահոգությունը կհասնի բոլորին, և գործադիր մարմինները կկարողանան խնդիրը նախ կասեցնել, հետո կարգավորել:

«Ախր, սա պետք է անգամ վարչապետի խնդիրը չդառնար, քանի որ կան գերատեսչություններ, համայնքների ղեկավարներ, որոնց իրավասության տակ է նման կառուցապատումների համար թույլտվություն չտալը: Քաղաքաշինության մասին օրենքով դրանք կարգավորված են, բայց առանձին մարդիկ օրենքի պահանջները շրջանցելու ճանապարհներ են գտնում»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը նշեց, որ ձեղնահարկերի հետ կապված խնդիրը լուրջ է:

«Շենքը հաշված է 7 բալի համար, և մենք իրավունք չունենք մի հարկ ավելացնելու, որը կտրուկ կիջեցնի շենքի սեյսմակայունությունը: Մեր պատկերացմամբ՝ տեխնիկական եզրակացության մեջ պետք է լրացուցիչ տողեր նշել, թե քանի բալի համար է հաշվարկված եղել շենքը, ներկայումս վտանգը քանի բալ է, եթե տեսնում են, որ այնտեղ լուրջ խնդիր կա, պետք չէ թույլ տալ ձեղնահարկ կառուցել»,-ասաց նա:

Թույլտվություն տալու գործընթացը խստացնելուց բացի՝ կոմիտեն առաջարկում է պիլոտային ծրագիր իրականացնել, որով Երևանում 4-հարկանի շենքում թեթև մետաղային կոնստրուկցիաներով ձեղնահարկ կսարքվի: Դրա հիման վրա կստեղծվի կատալոգ, որով բնակչությունը կառաջնորդվի ձեղնահարկեր կառուցելիս:

Ինչ վերաբերում է շենքերի ֆասադային հատվածին, ապա Ալեքսանդր Մովսիսյանի կարծիքով, դրա հետ կապված ևս բոլոր աշխատանքները պետք է շինթույլտվությամբ լինեն, անգամ պատուհաններ փոխելը, որպեսզի չաղավաղվի շենքի արտաքին տեսքը: Կմշակվի համապատասխան էսքիզային նախագիծ, համայնքի հետ կհամաձայնեցվի: Տանիքների գունային ներդաշնակությունը նույնպես պետք է համաձայնեցված լինի: Առաջարկվում է ստեղծել գունային գամմաների մասին հավելված, պահանջել, որ ճարտարապետական առաջադրանքում պարտադիր ներգրավվեն այդ պահանջները, և հետևել դրանց իրականացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում