Հայաստանի փորձագիտական հանրույթը կաջակցի խորհրդարանական դիվանագիտությանը

Հայաստանի փորձագիտական հանրույթը կաջակցի խորհրդարանական դիվանագիտությանը

Հայաստանի փորձագիտական, ակադեմիական, հետազոտական հանրույթը աջակցություն կտրամադրի խորհրդարանական դիվանագիտությունը: Հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ աշխատանքային խմբի նպատակն է փորձագիտական, ակադեմիական, հետազոտական հանրույթի կողմից աջակցություն տրամադրել խորհրդարանական դիվանագիտությանը:

«Հիմնական նպատակն է լինելու օգնել Ազգային ժողովի մարմիններին, որպեսզի վերջիններս հանձնաժողովի միջոցով ստանան հնարավորինս արդիական և ժամանակակից տեղեկություններ ակադեմիական-փորձագիտական ոլորտից, որոնք կարող են կիրառվել խորհրդարանական դիվանագիտության այս կամ այն հարթության մեջ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հայտնեց, որ խորհուրդը գործելու է երկու ձևով՝ ընթացիկ և պլանավորված: Ընթացիկ աշխատանքները ենթադրում են որոշակի լսումներ, թեմատիկ քննարկումներ, իսկ օպերատիվ աշխատանքը ենթադրում է քննարկել տվյալ պահին առկա դիվանագիտական մարտահրավերները: «Այս երկու բաղադրիչների համադրմամբ ենք պատկերացնում աշխատանքի կազմակերպումը: Փորձագիտական խորհուրդն ունենալու է իր առանձին աշխատակարգը: Իհարկե, չենք ուզում, որ մտավոր գործունեությունը չափից ավելի բյուրոկրատիզացված լինի, բայց, այդուհանդերձ, որոշակի հաշվետվողականության ձևաչափ պետք է ունենա»,– ընդգծեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ իրենք խնդրել են, որ աշխատանքային առաջին նիստին մասնակցեն տարբեր քաղաքական հայացքներ, քաղաքական աշխարհայացք ունեցող մարդիկ, տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, որպեսզի միավորեն Հայաստանի քաղաքական մտավոր այն վերնախավին, որն աշխատում է արտաքին քաղաքական ոլորտներում, որը կարող է իր մտավոր գործունեությամբ, ընթացիկ վերլուծություններով աջակցել խորհրդարանական դիվանագիտությանը: «Հայաստանում ձևավորված փորձագիտական հանրույթը բավականին մեծ ներուժ ունի, հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, շատերի փորձագիտական վերլուծությունները տպագրվում են արտերկրում, բոլորը հրավիրյալ դասախոսներ են արտերկրում, մասնակցում են տարբեր գիտական, քաղաքական կոնֆերանսների: Ուստի, կարծում եմ, որ այդ ներուժը չի կարելի անտեսել, և այն պետք է առավելագույնս ծառայեցնենք մեր երկրի զարգացմանը, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների տիրույթում»,- ընդգծեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ խորհուրդը ձևավորվելու է հինգ տարի ժամկետով՝ մինչև ԱԺ 6-րդ գումարման լիազորությունների ավարտը:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար փորձագետների առաջին հանդիպմանը մասնակցում էին քաղաքագետներ Ռիչարդ Կիրակոսյանը, Ստեփան Գրիգորյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Գագիկ Հարությունյանը, Մանվել Սարգսյանը, Արամ Սաֆարյանը, Ալեքսանդր Մարկարովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, վրացագետ Ջոնի Մելիքյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, քաղաքական վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանը, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում