Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կյապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ փաստել է հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու կարեւորել հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակում: Դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհավորել է Էդուարդ Շարմազանովին ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան, ինչի համար կարեւորագույն հարթակ կարող են հանդիսանալ նաեւ երկու երկրների խորհրդարանները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկու երկրների արտաքին քաղաքական ուղղություններին, կարեւորել տարբեր հարթակներում համագործակցությունն ու փոխըմբռնումը: Անդրադառնալով երկու երկրների հիմնախնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են հարցերը բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարեւորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում