Էդվարդ Նալբանդյանը միջազգային հանրության կողմից ակնկալում է Ադրբեջանին սանձող հստակ քայլեր

Էդվարդ Նալբանդյանը միջազգային հանրության կողմից ակնկալում է Ադրբեջանին սանձող հստակ քայլեր

Միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր սանձելու Ադրբեջանի բոլոր փորձերը, որոնք ուղղված են տարածաշրջանում տիրող իրավիճակի ապակայունացմանը: Երևանում հունիսի 13-ին Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում նման դիտարկում արեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել եւ անգամ ամենաբարձր՝ նախագահների մակարդակով են նշել, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման եւ զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Նման հայտարարություն են արել եռանախագահող երկրները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են. արդյո՞ք դա լոկ հայտարարություն է, կարծում եմ՝ ոչ միայն: Չնայած դրան՝ Ադրբեջանը ձեւացնում է, որ դա իրեն չի վերաբերում, որ կարող են արհամարհել այդ հայտարարությունը եւ ամեն կերպ խոչընդոտել զինադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը, չնայած առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է խախտողը»,-ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ եռանախագահները պարզապես միջնորդներ են եւ փորձում են հնարավորինս հավասարակշիռ հայտարարություն անել՝ չմատնանշելով այս կամ այն կողմին, որպեսզի հնարավոր լինի շարունակել բանակցությունները, բայց արդեն նրանք էլ են ստիպված հասցեական հայտարարություններ անել:

«Քանի հայտարարություններ պետք է արվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որ պարզ դառնա՝ միայն հայտարարությունները բավարար չեն»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում