Արամավիրի մարզում կարկտահարությունից տուժած 8 համայնքներում վնասը տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում

Արամավիրի մարզում կարկտահարությունից տուժած 8 համայնքներում վնասը տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում տեղում կատարվել են կարկտահարության հետևանքով տուժած մի շարք համայնքերի վնասի չափի ուսումնասիրություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիտարկումների արդյունքներով՝ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի 8 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Վնասի չափը նշված համայնքներում հիմնականում տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում, առանձին տնտեսություններում մինչև 100 տոկոս վնասվածություն է գրանցվել:

«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև Շիրակի մարզում: Հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին», – նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում