Մենք հաստատակամ ենք ԵՄ հետ մեր հարաբերությունները շարունակաբար ընդլայնելու հարցում. Արա Բաբլոյան

Մենք հաստատակամ ենք ԵՄ հետ մեր հարաբերությունները շարունակաբար ընդլայնելու հարցում. Արա Բաբլոյան

«Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական գործընթացներում և չափազանց կարևոր են համապարփակ միջխորհրդարանական շփումները, որոնք իրենց առանձնահատուկ դերակատարումն ունեն հայ-էստոնական միջպետական հարաբերությունների սերտացման գործում»,- այսօր ԱԺ-ում է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, գրում է panorama.am-ը։

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության կարևորությունը և տեղեկացրել, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կշարունակի ղեկավարել ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբը:

Արա Բաբլոյանը նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, քանի որ ԵՄ հետ մեր համագործակցությունը առաջին հերթին հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում»:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, վերահաստատել է Հայաստանի՝ ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավորելու դիրքորոշումը և նշել, որ եվրոպական արժեհամակարգ ունեցող ժողովուրդները այլ մոտեցումներ չեն կարող ունենալ:
Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերն անդրադարձել է Եվրոպական միության խորհրդում Էստոնիայի մոտալուտ նախագահությանը և կարևորել Հայաստանի հետ համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակում:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն չպիտի ուղղորդվի բռնությամբ. հանգուցալուծումը պիտի լինի դիվանագիտական, բանակցային ճանապարհով, և Եվրոպական միությունը պատրաստ է նպաստելու դրան:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն այս տարվա նոյեմբերին, ինչպես նաև հայ-էստոնական հարաբերությունների և բազմակողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում