Հայաստանը եւ Էստոնիան առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու մեծ ներուժ ունեն. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը եւ Էստոնիան առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու մեծ ներուժ ունեն. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի եւ Էստոնիայի միջև առևտրաշրջանառության ցուցանիշը ցածր է, բայց մեծ ներուժ կա համատեղ ջանքերով այն մեծացնելու: Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում նման համոզմունք հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Լավ հնարավորություն է ստեղծվել շարունակելու երկկողմ համագործակցության մասին քննարկումները: Էստոնիայի արտաքին գործերի նախարարի այցով լավ հնարավորություն է ստեղծվել վերանայելու երկու երկրների միջև եղած իրավապայմանագրային դաշտը: Այսօր ավելացրեցինք եւս մեկ պայմանագիր, որը 14-րդն է եւ վերաբերում է ռեադմիսիային: Նախապատրաստվում է եւս 7 փաստաթուղթ: Անդրադարձանք նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին, առեւտրատնտեսական համագործակցությանը: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարի կազմել էր 10 մլն, ինչը բավականին ցածր ցուցանիշ է, սակայն ներուժ կա այն ավելացնելու»,-ասաց ՀՀ արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Սվեն Միկսերի հետ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայի հիմնախնդրի հետևանքով առաջացած փախստականների խնդրին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:

Արտգործնախարարը կարեւորեց այն, որ այս տարի
Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Էստոնիան: Հարցի համատեքստում քննարկվել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործընթացը:
«Բազմիցս ասել ենք, որ ավարտել ենք բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ եւ նախատեսում ենք այն ստորագրել նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում»,-եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում