Սիրիայի օդուժն ահաբեկիչների դիրքերին հարվածներ է հասցրել Ռաքայի մատույցներում. SANA

Սիրիայի օդուժն ահաբեկիչների դիրքերին հարվածներ է հասցրել Ռաքայի մատույցներում. SANA

Սիրիայի ռազմաօդային ուժերը Ռաքա քաղաքի արեւմտյան արվարձաններում գրոհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետի եւ կրակային դիրքերի վրա: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, հարվածների հետեւանքով զինյալները կորուստներ են կրել՝ տալով սպանվածներ եւ վիրավորներ, ոչնչացվել են մի քանի միավոր զրահատեխնիկա եւ ռազմափոխադրական միջոցներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հունիսի 8-ին սիրիական ռազմաօդային ուժերը Ռաքայի արեմտյան մատույցներում հակառակորդի հրամանատարական կետերին հարվածներ էին հասցրել Դեյր-Մլեյհանում, Դեբսի-Անփանում եւ Էլ-Քադիսիայում: Կառավարական զորքերը Ռաքայի նահանգի տարածք են մտել հունիսի 5-ին Մեսկենա բնակավայրի (Հալեպից 100 կիլոմետր դեպի արեւելք) ազատագրումից հետո եւ ԻՊ-ի զինյալներին դուրս են շպրտել հինգ գյուղերից:

Մեսկենան ԻՊ-ի վերջին հենակետն է Հալեպի նահանգում: Եփրատ գետի Ասադի ջրամբարի մոտակայքում գտնվող այս ավանից է ձգվում Թաբքու տանող խճուղին, քաղաք՝ Եփրատի ՀԷԿ-ի մերձակայքում, որը 50 օր տեւած պաշարումից հետո մայիսի 10-ին անցել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հսկողության ներքո: Ներկայում ՍԴՈւ-ի ջոկատները գրոհում են Ռաքայի՝ ԻՊ-ի ահաբեկիչների գլխավոր հենակետի վրա: Սիրիական զորքերին Եփրատի այս նահանգային կենտրոնից բաժանում է 70 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում