Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումում Հայաստանն ու Արցախը միասին կքննարկեն երկրների առջեւ ծառացած խնդիրները

Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումում Հայաստանն ու Արցախը միասին կքննարկեն երկրների առջեւ ծառացած խնդիրները

Հայաստանի եւ Արցախի կուսակցությունները հունիսի 16-18-ը արդեն երրորդ անգամ կհամախմբվեն Արցախում՝ քննարկելու երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերները տարբեր ոլորտներում եւ առաջարկելու լուծումներ:

Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՀՀԿ-ի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից կազմակերպված Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումն այս տարի ոչ միայն ներգրավելու է խորհրդարանական ուժերի, այլեւ արտախորհրդարանական: Արմեն Աշոտյանի խոսքով՝ երրորդ ֆորումը աննախադեպ է նաեւ մի խումբ փորձագետների ներգրավվածությամբ: Մասնակցելու են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, Դավիթ Շահնազարյանը եւ այլք: Ֆորումը մեկնարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքով:

«Հրավիրել ենք հայաստանյան 17 կուսակցությունների, սակայն 15-ն են մասնակցելու, իսկ Արցախից՝ 6-ը: «Հայկական վերածնունդ»-ից պատասխան չստացանք եւ բացասական պատասխան ստացանք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից: Չենք հրավիրել «Ժառանգություն» եւ «Համախմբում» կուսակցություններին: «Համախմբում»-ը երկար ժամանակ ասպարեզում չի երեւում, իսկ «Երկիր ծիրանի»-ն կազմավորման փուլում է: Անցած տարի ավելի ընդլայնված կազմով էինք մասնակցում, փորձագետներ եւս հրավիրված էին: Ուրախ եմ փաստել, որ ֆորումը դարձել է բարի եւ արդյունավետ ավանդույթ»,-ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ երկօրյա հանդիպումների օրակարգը հագեցած է լինելու մի շարք հարցերով, որոնք առնչվում են երկու երկրների անվտանգությանը, արտաքին քաղաքականության մարտահրավերներին, սոցիալ- տնտեսական զարգացմանը, սահմանադրական բարեփոխումներից հետո պետականաշինության գործընթացին եւ այլն:

«Ֆորումը հաջողվել է քաղաքական մտքի զարկերակ դարձնել, հնարավորություն մեկ հարթակում առավել մանրամասն եւ մասնագիտական քննարկում ունենալու հասարակական, տնտեսական, քաղաքական զարգացումների, մարտահրավերների վերաբերյալ, հայկական կուսակցությունների համար անկաշկանդ արտահայտելու սեփական տեսակետները: Խոստովանենք, որ Արցախում երկխոսություններն ավելի հաջող են լինում, եւ տրամադրվածությունն այլ է: Արցախը միավորող դերակատարություն ունի Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների համար՝ անկախ տարբեր քաղաքական դիրքորոշումներից»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Ֆորումի ավարտին նախատեսվում է ընդունել եւ քննարկել մի բանաձեւ, որում ներառված կլինեն ֆորումի ժամանակ քննարկված առաջարկները, դրանց լուծմանն ուղղված քայլերը:

«Ֆորումն ունի ընդլայնվելու տեղ, այն մի հարթակ է, որ տարին մեկ անգամ համախմբում է կուսակցությունների ներկայացուցիչներին եւ հնարավորություն տալիս բաց ու անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկրի մարտահրավերները՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները: Հայաստանում այսպիսի հարթակների կարիք մենք ունենք»-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում