Հայաստանում բոլոր երեխաները շատ ավելի ընկերական են, արտասահմանում մի քիչ այլ է. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանում բոլոր երեխաները շատ ավելի ընկերական են, արտասահմանում մի քիչ այլ է. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում հանդիպեց հանրապետության տարբեր մարզերից ժամանած մի խումբ երեխաների հետ, զրուցեց նրանց հետ, լսեց նրանց պատմությունները, գրում է panorama.am-ը։

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին այս հանդիպման համար։ Շատ հաճելի է լինել այստեղ, լսել երեխաներին, նրանք մեր ապագան են, փորձում ենք լուծել բոլոր խնդիրները, որ նրանք ունեն։ Շնորհակալություն այս նախաձեռնության համար, որ փորձում են օգնել Հայաստանում կարիքավոր երեխաներին»,- հանդիպումից հետո կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Մխիթարյանը։

Օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք ֆուտբոլիստը ծանոթ է մեր երկրում հանքարդյունաբերության պատճառով երեխաների մոտ ի հայ եկող հիվանդություններին, նա պատասխանեց. «Ցավալի է լսել սրա մասին։ Արդեն տեղյակ եմ խնդրից։ ՅՈւՆԻՍԵՖ-ը փորձում է բոլոր երեխաներին օգնել, և կազմակերպությունը կփորձի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի երեխաներն այդ խնդիրները չունենան»։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ առավելություններ ունեն Հայաստանում բնակվող երեխաները բոլոր այն երկրների երեխաներից, որտեղ ապրել է Մխիթարյանը, նա ասաց. «Կարծում եմ Հայաստանում բոլոր երեխաները շատ ավելի ընկերական են, արտասահմանում մի քիչ այլ է, երեխաները այդքան էլ այդպեսին չեն։ Մանկությանս մի հատվածն անցել է Ֆրանսիայում, բայց կարող եմ ասել, որ Հայաստանում այլ էր ինձ համար։ Ցանկացած երեխա պետք է ուրախ և երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում»։

Հարցին՝ եթե երեխա լինեիք, ինչ կուզենայիք փոխել Հայաստանում, ֆուտբոլիստը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ երեխա, այնպես չէ, որ շատ մեծ եմ։ Բոլորս էլ մեր ծնողների համար երեխա ենք։ Ինչ էլ որ Հայաստանը հիմա ունի կարծում եմ՝ ինչ որ չափով բավարար է, չնայած որ առաջ գնալու և կատարելագործվելու շատ տեղ կա։ Կարծում եմ՝ բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կլուծվեն և Հայաստանը կլինի այն Հայաստանը, որը որ մարդիկ ուզում են տեսնել»։

Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվում էր, թե Մխիթարյանն ինչ կարծիքի է, որ ԱՄՆ-ում երեխաները կարող են ծնողներին դատի տալ և ճիշտ կլինե՞ր, որ այդ օրենքը սահմանվեր նաև Հայաստանում։

«Ճիշտ չեմ համարում, որ երեխան կարող է ծնողին դատի տալ, ծնողն է երեխային լույս աշխարհ բերում, փորձում նրան ուղղություն ցույց տալ այս կյանքում։ Չնայած լինում են դեպքեր, երբ ծնողները բռնություն են գործադրում, չեմ խոսում դրա մասին, բայց մենք իրավունք չունենք մեր ծնողներին դատի տալ, կամ ձայն բարձրացնել, նրանք մեր սրբություն են»,-նշեց նա։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը համաձայնվելով Հենրիխ Մխիթարյանի հետ, ասաց. «Այդ օրենքի ընդունումը փոքր-ինչ չափազանցություն է, բայց կան ծնողներ, որ լավագույնն ու ամենաճիշտը չեն անում իրենց երեխաների հետ։ Չափազանց կարևոր է, որ երեխաները եթե երբևէ հայտնվեն բռնությունների իրավիճակում, գտնեն այն տեղը, որտեղ նրանց աջակցություն կցուցաբերեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում