Արարատը որպես հայկական ինքնության խորհրդանիշ. ինդոնեզական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանին

Արարատը որպես հայկական ինքնության խորհրդանիշ. ինդոնեզական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանին

Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ ԱՆՏԱՐԱ-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին եւ տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը եւ նշանակությունը աշխարհասփյուռ հայերի համար:

«Հայաստան, միլիոնավոր վանքերի երկիր» խորագրով հոդվածում հեղինակը ճանապարհորդական իր պատմությունը սկսել է հենց սկզբից. թե ինչպես Հովհաննես Ստեփանյան անունով մի զբոսավար օգնել է նրան բացահայտել Հայաստանը:

«Որպես առաջին նպատակակետ ընտրվել էր Երեւանից հարավ գտնվող Խոր Վիրապը, վանք եւ դամբարանային համալիր, որը կառուցվել է 17-րդ դարում: Խոր Վիրապը, որը հայերենով նշանակում է զնդան, վանական համալիր է, որը ամենամոտն է տեղակայված թուրքական սահմանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է հեղինակը:

Նրան հատկապես տպավորել է Խոր Վիրապից բացվող Արարատ լեռան հստակ տեսարանը, որը նա ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը, չնայած Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում. «Բայց այդ օրը ամպերը ծածկել էին Արարատի գագաթները, որոնք մշտապես ծածկված են հավերժական ձնով»:

Խոր Վիրապն ուխտագնացության վայր է, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչին հիշատակին: Նա կրոնական առաջնորդ էր, ով նպաստել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանը 301 թվականին որպես պետական կրոն:

«Առաջին հայացքից վանքն ավելի շատ նման է բերդի, քան երկրպագության վայրի կառուցվածքի պատճառով՝ բարձր պատեր եւ չափազանց փոքր դուռ»:

Հեղինակի հաջորդ ուղղությունը Նորավանքն է եղել, որը նույնպես վանական համալիր է՝ կառուցված 13-րդ դարում:

«Ինձ պատմեցին, որ արձակուրդի ժամանակ հայկական ծագում ունեցող երեխաները՝ աշխարհի տարբեր ծայրերից («Արի տուն» ծրագրի մասին է-խմբ.) այցելում են իրենց նախնիների հող: Խոր Վիրապը եւ Նորավանքը պարզապես հարյուրավոր վանքերից երկուսն են, որ կան Հայաստանում: Մյուս հուշարձանները, որոնք ոչ պակաս գեղեցիկ են, համալրում են Հայաստանի պատմական անցյալը՝ Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հաղպատը, Օձունը, Տաթեւը եւ այլն: Այդ իսկ պատճառով Հայաստանը հաճախ անվանում են լեգենդ երկիր կամ թանգարան բաց երկնքի տակ»:

Որպես Հայաստանի տեսարժան վայրեր՝ հեղինակը առանձնացրել է նաեւ Ծաղկաձորը եւ Սեւանա լիճը:

Հայաստանում իսլամի հետքերով

Այս հոդվածում հեղինակը անդրադառնում է Կապույտ մզկիթին՝ նշելով, որ մզկիթի, փաստորեն կարելի է հանդիպել ոչ միայն Թուրքիայում, այլեւ Հայաստանում:

«Հայաստանը, որն աշխարհագրական դիրքով տեղակայված է Ասիայում, սակայն մշակույթով ավելի շատ հարում է դեպի Եվրոպան, իր պատմության մեջ ունեցել է ժամանակաշրջաններ, երբ եղել է մահմեդականների ազդեցության տակ: Երկիրը շրջապատված է մահմեդական մշակույթով, որովհետեւ երկրի արեւմուտքում Թուրքիան է, հարավում՝ Իրանը, արեւելքում՝ Ադբեջանը, հյուսիսում՝ Վրաստանը»:

Հեղինակը ներկայացրել է, որ Երեւանում գտնվող Կապույտ մզկիթը 7 մզկիթներից մեկն է, որ մնացել է կանգուն: Մյուս մզկիթները դադարել են գործել խորհրդային իշխանությունների օրոք եւ փոխել են գործառույթների շրջանակը:

«Ընդհանուր առմամբ, մոտ հիսուն ուխտագնաց կար մզկիթում պահքից դուրս գալու ժամանակ, եւ այդ թվից կարելի էր ենթադրել, որ մահմեդականները իրոք փոքրամասնություն են Հայաստանում»,-պատմել է հեղինակը, ում մզկիթի աշխատակիցներից մեկն ասել էր, որ Հայաստանում կրոնական ազատությունը երաշխավորված է:

Մզկիթը, որը կառուցվել է 1765 թվականին, ունի 442 քմ աղոթատեղի: Այն ունի նաեւ գրադարան, ինչպես նաեւ 26 դասասենյակ: Մզկիթը ծառայում է նաեւ որպես պարսկերենի ուսուցման կենտրոն, պատկերասրահ:

Արարատ լեռը՝ հայկական ինքնության խորհրդանիշ

Հեղինակը գրում է. «Արարատ լեռը չի կարող առանձնացվել հայերի ամենօրյա կյանքից: Արարատի անունն են կրում Հայաստանի հյուրանոցները, ռեստորանները, ֆուտբոլային ակումբը, ընդհուպ ըմպելիքները եւ ծխախոտը: Հայաստանի ժողովրդի համար Արարատը խորհրդանիշ է եւ պետության ինքնությունը, որովհետեւ այն սուրբ լեռն է, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, սակայն Արարատը, որի բարձրությունը հասնում է 5,165 մետրի, Հայաստանի տարածքում չէ, այլ Թուրքիայի»:

Հեղինակը գրում է, որ Արարատը, որը Թուրքիայի ամենաբարձր կետն է, իրականում հայկական տարածք էր համարվում մինչեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիան զավթեց տարածքը:

«Հայաստանի տարածքում չլինելով հանդերձ՝ այն Հայաստանի ինքնության անբաժան մասն է, եւ պատմականորեն, եւ մշակույթով այն պատկանում է Հայաստանին: Նախքան քրիստոնեության ընդունումը այն համարվել է «աստվածների տուն», ժամանակի ընթացքում այդ առասպելը հետզհետե վերացել է»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Արարատը միշտ է լինելու ամեն հայի սրտում:

«Ոչ ոք չի կարող Արարատը խլել մեզանից, քանի որ մենք այն պահելու ենք մեր սրտերում. որտեղ էլ հայերը սփռված լինեն, դուք կգտնեք Արարատը նրանց տներում»,-ասել է նախագահը:

Հեղինակը հաստատում է, որ Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, որովհետեւ լեռան ամենագեղեցիկ տեսարանը բացվում է հենց Հայաստանից՝ մասնավորապես՝ Խոր Վիրապի վանքից:

Ինդոնեզական ԱՆՏԱՐԱ լրատվական գործակալության լրագրողների՝ Հայաստանի կատարած այցը կազմակերպվել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության կողմից, այցի կազմակերպմանը իր լուրջ նպաստն է բերել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում