Գագիկ Մելիքյանը կառավարությունից ակնկալում է երկրի անվտանգությունն ու առաջընթացն ապահովող ծրագիր

Գագիկ Մելիքյանը կառավարությունից ակնկալում է երկրի անվտանգությունն ու առաջընթացն ապահովող ծրագիր

Հայաստանի կառավարության ծրագիրը պետք է լինի երկրի անվտանգությունն ու առաջընթացն ապահովող ծրագիր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Առաջիկա օրերին կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Կարծում եմ, որ կառավարության առաջիկա նիստի ընթացքում այս հարցին անդրադարձ կլինի: Կառավարության ծրագիրը պետք է համապատասխան լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրին, այսինքն` պետք է ապահովի երկրի առաջընթացն ու անվտանգությունը»,- նշեց Մելիքյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ բոլորի համար ակնառու է անցած ամիսներին կառավարության կատարած աշխատանքը: «Կարծում եմ, արդյունավետ կառավարման տնտեսության առաջանցիկ զարգացման համար կառավարության կողմից բավականին լուրջ քայլեր կատարվել են: Ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց դրական արդյունքը կտան առաջիկա տարիների ընթացքում»,- նշեց Մելիքյանը:

Նա հավելեց, որ կառավարության նոր ծրագրում պետք է լինեն ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նախագծեր, որոնք, միմյանց լրացնելով, կապահովեն այն առաջընթացը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցությունը խոստացել է հանրությանը:

Պատգամավորը մտացածին որակեց կառավարության անդամների և Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները: Նրա կարծիքով՝ նման խոսակցությունները շարքային բամբասանքների շարքից են:

Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման մասին խոսակցություններին և նման սցենարի հնարավորությանը` Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ այս պահին նման հնարավորություն չի տեսնում, բայց ընդգծեց, որ ՀՀԿ-ն ոչ միայն չի խոչընդոտի նման միավորմանը, այլև կփորձի աջակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում