ԱԺ-ն 5 միլիոն դրամ փոխանցեց վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը

ԱԺ-ն 5 միլիոն դրամ փոխանցեց վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը

Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության հիմնադրամը 5 միլիոն դրամ փոխանցեց Երեւանի պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ իրականացվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ հիմնադրամ ստեղծելու միտքը հղացել է ապրիլյան դեպքերից հետո: «Տարբեր երկրներ ունեն նման հիմնադրամներ: Անկախ պետական աջակցությունից, հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի, որպեսզի ապահով զգա, անվտանգ զգա, եւ սահմանին կանգնած մեր տղաները հասկանան, որ իրենք ամեն րոպե ունեն հասարակության աջակցությունը»,– ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ նման հիմնադրամի ստեղծումն անհրաժեշտություն էր:

«Յուրաքանչյուր ամիս մեկ տոկոս եկամուտ հատկացնելը, կարծում եմ, ոչինչ զգացնել չի տա, բայց այն, որ վիրավոր զինծառայողները զգան, որ իրենք ուշադրության կենտրոնում են, իրենց չեն մոռացել, դրանից թանկ բան չկա: Ես ուրախ կլինեմ, որ նման հիմնադրամներ բացվեն նաեւ մյուս պետական կառույցներում»,– հավելեց Հրայր Թովմասյանը:

Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության բարեգործական հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, առողջապահական և այլ հանրօգուտ նպատակներ:
Հիմնադրամի հիմնադիրն է Գալուստ Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում