ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ-ի վարչությունը հիշեցրել է սահմանապահ գոտի մուտքի անցագրերի ձեւակերպման մասին

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ-ի վարչությունը հիշեցրել է սահմանապահ գոտի մուտքի անցագրերի ձեւակերպման մասին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի որոշման կատարումն ապահովելու շրջանակներում վարչության կողմից սահմանապահ գոտի մուտքի անցագրերի ձեւակերպում է իրականացվում պետական սահմանի հայ-թուրքական եւ հայ-իրանական տեղամասերում տնտեսական, արհեստագործական եւ այլ գործունեության իրականացման նպատակով:

Նշվում Է, որ սույն թվականի հունիսի 1-ի դրությամբ սահմանապահ վարչության կողմից ձեւակերպվել ու տրվել է ավելի քան 4 հազար անհատական անցագիր: Ավելի քան 2500 դիմում ձեւակերպման փուլում է:

Վարչությունը հիշեցնում Է, որ սահմանապահ գոտում գտնվելու թույլտվությունը ձեւակերպվում Է ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ: Որոշակի դեպքերում ՀՀ իրավապահ մարմինների կողմից որոշում է ընդունվում մերժել անցագրերի տրամադրումը, ինչի մասին ծանուցվում է քաղաքացիներին: Սիրողական ձկնորսություն իրականացնելիս ՀՀ օրենսդրության խախտում թույլ չտալու նպատակով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ինժեներատեխնիկական կառույցների սահմանից դուրս սիրողական ձկնորսության նպատակով ժամանած անձանց անցումն իրականացվում է միայն սահմանված նմուշի փաստաթղթերի ներկայացման դեպքում, որոնք իրավունք են տալիս իրականացնելու գործունեության այդ տեսակը:

«Միաժամանակ հայտնում ենք, որ սահմանապահ գոտում արգելվում է օգտագործել ոգելից խմիչքներ, ունենալ զենք (բացառությամբ այն անձանց, ովքեր ծառայողական պարտականություններ են կատարում այդ տեղանքում, եւ այն անձանց, ովքեր զենք կրելու իրավունք ունեն սահմանված կարգով), այդ թվում՝ սառը զենք, մոտենալ անմիջականորեն պետական սահմանագծին, շփման մեջ մտնել սահմանապահ կարգախմբերի անձնակազմի հետ, խոսակցության մեջ մտնել սահմանապահ մարմինների ներկայացուցիչների եւ սահմանակից պետության բնակիչների հետ, զբաղվել որսորդությամբ, արդյունաբերական ձկնորսությամբ, փայտամթերմամբ, վնասել կամ ոչնչացնել բուսականությունը, վնասել կամ ոչնչացնել սահմանապահ մարմիններին պատկանող ունեցվածքը, առանց համապատասխան թույլտվության զբաղվել հողային ու ջրային ռեսուրսների, անտառների օգտագործմամբ, երկրաբանական ու պատմական հետազոտություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչությունը նախազգուշացնում է, որ նշված խախտումները կատարած անձինք կալանվում են սահմանապահ կարգախմբերի կողմից, նրանց նկատմամբ արձանագրություններ են կազմվում սահմանային ռեժիմի կանոնների խախտման վերաբերյալ, առգրավվում են անցագրերը, զենքը եւ արգելված այլ միջոցներ, իսկ իրավախախտները հանձնվում են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում