Բժշկական համալսարանում բացվեց արյունաբանական կետ

Բժշկական համալսարանում բացվեց արյունաբանական կետ

Երևանի պետական բժշկական համալսարանում հունիսի 14-ին բացվեց Արյունաբանական կետ, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ։ Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:

Առաջին արդյունքը․ Արյան դոնորի միջազգային օրը «Հանձնել արյուն և փրկել մարդու կյանք» խորագրի ներքո ԵՊԲՀ–ի ուսանողները և դասախոսական կազմը սեփական օրինակով որոշեցին ընդգծել և ցույց տալ արյան կամավոր դոնորության կարևորությունը: Հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունը և անհրաժեշտությունը Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում այսօր բացվեց Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին և կամավոր դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին բժշկականի ուսանողները և բուժանձնակազմը: Արյունաբանական կետի բացմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շրջեց կենտրոնով, ծանոթացավ հնարավորություններին: Նշենք, որ Արյունաբանական կետ ստեղծելու նախաձեռնությունը պատահական չէ: Այն նպատակ ունի անհրաժեշտ բժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնել, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար ապահովել համապատասխան պայմաններ: Նոր կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Արյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին:

«Այն ինչ ստեղծվեց անհրաժեշտություն էր, որը հիվանդանոցը մինչ օրս դեռ չուներ: Հերացի թիվ 1 հիվանդանոցում հազարավոր վիրահատություններ, միջամտություններ են իրականացվում: Նմանատիպ բժշկական հաստատությունները պետք է ունենան իրենց արյան պաշարը»,– նշեց ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով և երկրորդ անհրաժեշտության դեպքում նաև կարող է տրամադրել: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրեր առաջ Նուբա լեռներ մեկնած հայ բժիշկները աշխարհին ապացուցեցին, որ բարությունը և գթասրտությունը կարող են լինել կյանքի նորմ և արյունատվությունը ևս այդ կարևոր նորմերի տարրերից է: «Մեր ապագա բժիշկներին ցուցակագրելով, մենք կունանենանք ամբողջական մի ռեեստր այն երիտասարդ բժիշկների, ովքեր քրոնիկ հիվանդություններ չունեն. Պետք է հիշենք, որ այդ արյան պաշարը յուրաքանչյուր պահի կարող են մեկ այլ մարդու կյանք փրկել»,-հավելեց Մուրադյանը:

Բժիշկներն ու ապագա բժիշկները վստահ են, որ կամավոր դոնորությունը հնարավորություն է տալիս ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժվել, այլ նաև ուժ է տալիս այդ մարդկանց ընտանիքի անդամներին և բժիշկներին, ինչպես նաև արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր: Երկրոդ արդյունքը նույնպես կարևոր սոցիալական նշանակություն ուներ: «Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցություն» հիմնադրամի կողմից 5 միլիոն դրամ փոխանցվեց ԵՊԲՀ-ի նախաձեռնությամբ իրականացվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացավ նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին և հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողներին: «Անհրաժեշտ է ամեն ինչ անել նվազեցնելու հաշմանդամությունն ու երկարացնելու մարդկանց կյանքի տևողությունը»,- Արա ասաց Բաբլոյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հավելեց, որ վերականգնողական կենտրոններ աշխարհում ստեղծվում են հասարակության աջակցությամբ ոչ թե միայն պետական ծրագրերով: «Այսօր գեղեցիկ համադրություն է ստեղծվել. պետական ծրագրերի, հասարակության աջակցության և, իհարկե, բժշկական հանրության»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում