Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսին. Ստաֆան դե Միստուրա

Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսին. Ստաֆան դե Միստուրա

Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունները տեղի կունենան հուլիսին, սակայն հանդիպման ստույգ ամսաթիվն առայժմ չի նշվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին Օսլոյում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան՝ ելույթ ունենալով Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Ես առայժմ ստույգ ամսաթիվ չեմ նշի, բայց բանակցությունները պետք է կայանան հուլիսին, եւ դրանք կկայանան հուլիսին՝ Ռամադանից հետո»,– նշել է դե Միստուրան, հավելելով, որ հանդիպումը կանցկացվի այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում կհամոզվեն, որ Սիրիայում իրադրության ապաէսկալացմանն ուղղված միջոցառումներն արդյունք են տալիս:

Դե Միստուրայի խոսքով՝ հուլիսի սկզբին պլանավորված են նաեւ Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլն Աստանայում եւ G20-ի գագաթնաժողովը՝ գերմանական Համբուրգում, որտեղ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները հնարավորություն կունենան հանդիպել եւ քննարկել Սիրիայի հարցը: «Ես գիտեմ, որ նպատակ Է դրված հանդիպում անցկացնել Աստանայում հուլիսի սկզբին՝ Համբուրգի գագաթնաժողովից ոչ շատ առաջ եւ, հավանաբար, այն բանից առաջ, երբ մենք կվերսկսենք ժնեւյան բանակցությունները»,-ասել է ՄԱԿ-ի հանձնակատարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում