Էմոմալի Ռահմոնի ՀՀ կատարած այցի արդյունքներով շուրջ մեկ տասնյակ պայմանագրեր են ստորագրվել

Էմոմալի Ռահմոնի ՀՀ կատարած այցի արդյունքներով շուրջ մեկ տասնյակ պայմանագրեր են ստորագրվել

Հայաստանը և Տաջիկստանը նպաստելու են երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած բանակցությունների արդյունքներով ընդունված երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Երևանի և Դուշանբեի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հաստատման օգտին, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնում մշակելու համատեղ ծրագրեր տրանսպորտի ոլորտում:

Կողմերն ամեն կերպ կաջակցեն մշակույթի և արվեստի ոլորտում կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, առողջապահական հաստատությունների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների և մշակութային-հումանիտար ոլորտի այլ հաստատությունների միջև անմիջական կապերի ընդլայնմանը: Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության նախագահները համոզված են, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները ներկա փուլում մեծ հեռանկարներ ունեն համագործակցության բոլոր ոլորտների ինտենսիվ զարգացման և խորացման համար՝ երկու ժողովուրդների արմատական շահերին համահունչ:

Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունների առնչությամբ, որոնց արդյունքում ստորագրվեցին ներքոհիշյալ փաստաթղթերը.

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին,

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին,

– Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիր,

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին,

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին,

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին,

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին,

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին,

– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին։

Պետությունների ղեկավարներն ընդգծեցին, որ ամենաբարձր մակարդակով հանդիպումը զգալի ներդրում ունեցավ և նոր հորիզոններ բացեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդման համար:
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Տաջիկստանի Հանրապետություն:
Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում