«Հայկական ժամանակ». Մուշեղ Պետոյանը Գագիկ Ծառուկյանից 2 մլն դոլար է վերցրել ու անհետացել

«Հայկական ժամանակ». Մուշեղ Պետոյանը Գագիկ Ծառուկյանից 2 մլն դոլար է վերցրել ու անհետացել

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ստացված տեղեկություններին, գրել է, որ նախկին ԲՀԿ-ական և ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Արթիկից արտագաղթել է կամ փախել:

«Արթիկում լուրեր են շրջանառվում, թե երբ Պետոյանը ԲՀԿ-ական էր, և վայելում էր Գագիկ Ծառուկյանի բարձր հովանավորությունը, նրանից 2 միլիոն դոլար է վերցրել՝ Արթիկում ինչ-որ գործեր անելու համար, որ հաջորդ ընտրությունների ժամանակ քվե խնդրելիս ցույց տա, որ իրենք արած գործեր ունեն: 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, երբ ՀՀԿ-ի էլիտան «որակազրկեց» ԲՀԿ-ին, Պետոյանը լքեց Ծառուկյանին, բայց մոռացավ վերադարձնել 2 մլն դոլարը: Արթիկից ստացված տեղեկություններով, Պետոյանը հեռացել է Անապա, որտեղ հյուրանոց ունի և այժմ շքեղ առանձնատուն է կառուցում: Ծառուկյանի շրջապատի աղբյուրների պատմելով՝ Գագիկ Ծառուկյանը խոստացել է Պետոյանին գտնել՝ թեկուզ գետնի տակից, և ետ վերցնել իր գումարները: Կան տեղեկություններ, որ այժմ ծառուկյանականները գումար են պահանջում անգամ Պետոյանի համակիրներից և ընկերներից»:

Թերթը այս տեղեկությունների վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ Պետոյանից, սակայն նրա հեռախոսահամարներն անհասանելի են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում