Վարչապետը հանձնարարեց հանրությանը ներկայացնել e-draft.am հարթակի հնարավորությունները

Վարչապետը հանձնարարեց հանրությանը ներկայացնել e-draft.am հարթակի հնարավորությունները

2017 թվականի հունվարին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը: Գործադիրի նիստում վարչապետը նշեց, որ այդ հարթակը քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնության աշխատանքներին` ծանոթանալով տեղադրված նախագծերին և ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ:

«Արդյունքում ապահովվում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասարակության հետ հետադարձ կապի ապահովման՝ մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան ամփոփաթերթն ու տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջի կատարումը»,–  ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա ՀՀ օրենքների և կառավարության որոշումների նախագծերի՝ www.e-draft.am կայքում պատշաճ կերպով տեղադրված լինելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու պարտադիր պահանջի պահպանմանը:

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ՝ համապատասխան կայքի հնարավորությունների մասին իրազեկելով քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պահանջի կատարման վերաբերյալ սահմանել վերահսկողություն և ընթացքի մասին պարբերաբար զեկուցել վարչապետին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում