Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղացված մոտեցում է. Տիգրան Մուկուչյան

Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղացված մոտեցում է. Տիգրան Մուկուչյան

«Ընտրական օրենսգրքի ընդունումը Հայաստանում ընտրական նոր մշակույթի մեկնարկ էր: Առաջին անգամ խիստ կարևորագույն հարցերի վերաբերյալ եղան կոնսենսուային լուծումներ: Սա հնարավորություն ընձեռեց հրապարակել ընտրողների ստորագրություններով ցուցակները»,-«Ընտրական զարգացումները Հայաստանում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, գրում է panorama.am-ը:

«Սա աշխատանքի նոր ոճ էր, որտեղ քաղհասարակության ներգրավումը մեծապես նպաստեց ամրագրված իրավակարգավորուներին: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել ԸՕ-ում ամրագրված լայն թափանցիկություն ապահովող իրավանորմերի մասին՝ ցուցակների ներբեռնում, քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալների տրամադրում, տեսալուսանկարահանման անսահմանափակ հնարավորություն և այլն»,- նկատեց պաշտոնյան:

Տիգրան Մուկուչյանի խոսքով, աշխարհում դժվար գտնվի մեկ այլ Ընտրական օրենսգիրք, որտեղ այսչափ թափանցիկ իրավանորմեր զուգորդված կլինեն:

ԿԸՀ նախագահը միաժամանակ քննարկմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին հորդորեց ընտրական գործընթացներում չկենտրոնանալ միայն բացասական կողմերի վրա՝ նկատելով նաև դրական ձեռքբերումները:

«Տեսակետներ ներկայացնելիս կարևոր են ազնվությունն ու անկեղծությունը: Պետք չէ գույները խտացնել, շեշտադրումներ անել 1 տոկոս խափանումների վրա: Սա ծայրահեղացված մոտեցում է: Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել և մատնացույց անել թերությունները, սակայն այս ընտրություններով մենք արձանագրեցինք լրջագույն առաջընթաց: Նոր ընտրակարգով իրականացված ընտրությունների ժամանակ միանշանակ էր էական առաջընթացը: Հետընտրական շրջանի հանրային ընկալումը ասվածի փայլուն վկայությունն էր»,- եզրափակեց պաշտոնյան:
Հիշեցնենք, որ քննարկման ընթացքում Մուկուչյանից առաջ իր ելույթում Պյոտր Սվիտալսկին նշել էր՝ ԱԺ ընտրություններին եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր:

«Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծեծի են ենթարկվել, նվաստացվել: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում