ՌԴ ՊՆ-ն ստուգում է ռուսական օդուժի կողմից ԻՊ-ի պարագլխի ոչնչացման տվյալները

ՌԴ ՊՆ-ն ստուգում է ռուսական օդուժի կողմից ԻՊ-ի պարագլխի ոչնչացման տվյալները

ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ռուսական օդուժի հարվածով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Իբրահիմ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է գերատեսչությունը: Նշվում է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող Էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ, որոնք մտնում էին ԻՊ-ի «ռազմական խորհրդի» կազմի մեջ, եւ մոտավորապես 330 ահաբեկիչներ:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացված ահաբեկիչների թվում են՝ Ռաքայի «Էմիր» Աբու ալ Հաջի ալ Միսրին, Իբրահիմ ան Նաեֆ ալ Հաջը, որը վերահսկում էր Ռաքայից մինչեւ Էս Սուխնե ընկած շրջանը, եւ ԻՊ-ի «անվտանգության ծառայության պետ» Սուլեյման ալ Շաուախը: Պաշտպանության նախարարությունը զինյալների պարագլուխների խորհրդակցության մասին տեղեկատվությունն ստացել էր մայիսի վերջին: Տվյալների ստուգման ժամանակ հաջողվել է պարզել, որ հանդիպման նպատակն այսպես կոչված «հարավային միջանցքով» Ռաքայից զինյալների դուրս գալու երթուղիների պլանավորումն է: Հարվածը հասցվել է մայիսի 28-ի գիշերը այն բանից հետո, երբ հանդիպման տեղի ու ժամանակի վերաբերյալ տվյալները հաստատվել են անօդաչուների նկարահանմամբ: Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն ամերիկյան կողմին վաղօրոք նախազգուշացրել էր հարվածի մասին:

Ալ Բաղդադին, իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի, առաջին անգամ հանրությանը ներկայացել է 2014 թվականի հուլիսին, երբ ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի մզկիթում հռչակեց Մերձավոր Արեւելքում «իսլամական խալիֆայության» ստեղծումը: Այդ ժամանակվածից ԶԼՄ-ները քանիցս տեղեկատվություն են հրապարակել նրա ոչնչացման մասին, բայց այն հաստատում չի գտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում