ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան առայժմ չի հաստատում ալ Բաղդադիի ոչնչացումը. Al Jazeera

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան առայժմ չի հաստատում ալ Բաղդադիի ոչնչացումը. Al Jazeera

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան առայժմ չունի ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի հրամանատարության հայտարարությանը: 

Կոալիցիան չի կարող հաստատել ալ Բաղդադիի վերաբերյալ ՌԴ-ի արած հայտարարությունը, նշել է հեռուստաալիքը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ռուսական օդուժի հարվածով ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Նշվում է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ, որոնք մտնում էին ԻՊ-ի «ռազմական խորհրդի» կազմի մեջ, եւ մոտավորապես 330 ահաբեկիչներ: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացված ահաբեկիչների թվում են՝ Ռաքայի «Էմիր» Աբու ալ Հաջի ալ Միսրին, Իբրահիմ ան Նաեֆ ալ Հաջը, որը վերահսկում էր Ռաքայից մինչեւ Էս Սուխնե ընկած շրջանը, եւ ԻՊ-ի «անվտանգության ծառայության պետ» Սուլեյման ալ Շաուախը:

ԼԴ պաշտպանության նախարարությունը զինյալների պարագլուխների խորհրդակցության մասին տեղեկատվությունն ստացել Էր մայիսի վերջին: Հարվածը հասցվել է մայիսի 28-ի գիշերը այն բանից հետո, երբ հանդիպման տեղի ու ժամանակի վերաբերյալ տվյալները հաստատվել են անօդաչուների նկարահանմամբ:

Ալ Բաղդադին, իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի, առաջին անգամ հանրությանը ներկայացել է 2014 թվականի հուլիսին, երբ ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի մզկիթում հռչակեց Մերձավոր Արեւելքում «իսլամական խալիֆայության» ստեղծումը: Այդ ժամանակվածից ԶԼՄ-ները քանիցս տեղեկատվություն են հրապարակել նրա ոչնչացման մասին, բայց այն հաստատում չի գտել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում