Ոսկեպար, Կողբ և Ներքին Ծաղկավան համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվում

Ոսկեպար, Կողբ և Ներքին Ծաղկավան համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվում

Ներքին Ծաղկավան համայնքի միջնակարգ դպրոցն այսուհետ ունենալու է բարեկարգված ճաշարան, որպեսզի դպրոցականները հնարավորություն ունենան օգտվել ամենօրյա տաք կերակուրից ավելի սանիտարահիգիենիկ պայմաններում։ Որպես այլընտրանքային եկամտի աղբյուր՝ Կողբ գյուղի տնային տնտեսությունները սկսել են բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնել մի շարք նոր ջերմատներում: Միևնույն ժամանակ Կողբում շահագործման է հանձնվում էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով վերազինված, 2 կմ երկարությամբ փողոցային լուսավորության համակարգ: Իսկ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում անտառային և գյուղատնտեսական մթերքի հավաքման կետի հիմնարկեքն է:

Այս նախաձեռնություններն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և նպատակաուղղված է ընդլայնել եկամտի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հունիսի 15-ին այցելեցին մարզի Ոսկեպար, Կողբ, և Ներքին Ծաղկավան համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացված ծրագրերի արդյունքներին:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակում մենք վստահ ենք, որ տևական զարգացման արդյունքների հնարավոր է հասնել տեղական համայնքների հետ համագործակցության միջոցով: Ուրախալի է տեսնել այս ծրագրում մեր շահառուների ակտիվ դերակատարությունը՝ ինչպես համաֆինանսավորման, այնպես էլ, ինչն ավելի կարևոր է, համայնքային կյանքի բարելավման իրենց տեսլականն ու գաղափարները ներկայացնելու միջոցով: Սա ամրապնդում է մեր վստահությունն առ այն, որ շահառուները կպահպանեն արձանագրված ձեռքբերումները՝ իրենց համայնքների համար ապահովելով բարգավաճ ապագա», – իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը:

Վերջին երկու տարիների ընթացքում, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Տավուշի մարզի 26 սահմանամերձ համայնքների բնակիչները ներգրավվել են համայնքային կարիքների գնահատման և համայնքների զարգացման ծրագրերի մշակման մասնակցային գործընթացներում: Այս պլանավորման արդյունքներից ելնելով՝ ՄԱԶԾ-ն կիրականացնի մի շարք ենթածրագրեր՝ թիրախավորելով համայնքների բարելավման տեսակետից էական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբաղվածությունը, գյուղական շրջանների զարգացումը, գյուղմթերքի վերամշակումը, ենթակառուցվածքների վերականգնումը, կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնական աղետների նկատմամբ դիմակայունությունը:

Կողբ գյուղում 135 մ2 մակերեսով երեք էներգաարդյունավետ ջերմատներն առաջինն են ՄԱԶԾ-ի կողմից մարզի սահմանամերձ համայնքներում կառուցված՝ ընդհանուր թվով 36 ջերմատների ցանկում: Այս ջերմատները տնային տնտեսություններին հնարավորություն կտան լրացուցիչ եկամուտ ստանալ առաջադեմ գյուղատնտեսական աշխատաեղանակների կիրառման միջոցով։ Բոլոր ջերմատները զինված են կաթիլային ոռոգման համակարգերով, որոնք ապահովում են ջրի խնայողություն՝ միաժամանակ նպաստելով ջրային սուղ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Մինչև տարեվերջ ևս 20 ջերմատուն կկառուցվի՝ տնային տնտեսություններին ընձեռելով եկամուտների ստեղծման կայուն միջոցներից օգտվելու հնարավորություն:

Կողբի փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգն օրինակելի ցուցադրություն է այն բանի, թե ինչպես կարող են արդիականացված համայնքային ենթակառուցվածքները խնայել համայնքի ռեսուրսները և բարելավել համայնքային կյանքի անվտանգությունն ու որակը: Գյուղի չորս կենտրոնական փողոցներում տեղադրված լուսադիոդային լուսատուներն ապահովում են ոչ միայն ավելի լավ լուսավորվածություն, այլև նպաստում են ավելի ապահով միջավայրի ստեղծմանը և էներգիայի համար կատարվող ծախսերի նվազմանը մինչև 70 տոկոսով:

Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի անտառային և գյուղատնտեսական մթերքի հավաքման կետի կառուցումը կստեղծի գյուղմթերքների և անտառային բարիքների մթերման նոր հնարավորություններ՝ երկարաձգելով վաճառքի սեզոնայնությունը և նվազագույնի հասցնելով գյուղատնտեսական մթերքների կորուստը: Կենտրոնի շնորհիվ ստեղծվելու է լրիվ դրույքաչափով վեց և մինչև 40 սեզոնային աշխատատեղ, և ակնկալվում է, որ կենտրոնի միջոցով տարեկան կվերամշակվի մոտ 12 տոննա գյուղմթերք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում