Հանրակրթական դպրոցներում նախատեսվում է ներառել մասնագիտական կողմնորոշան դասաժամեր

Հանրակրթական դպրոցներում նախատեսվում է ներառել մասնագիտական կողմնորոշան դասաժամեր

Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասաժամեր ներառելու ուղղությամբ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի ու ԿԳՆ-ի միջև համաձայնությունը մշակման փուլում է: Դպրոցներում այս աշխատանքների իրականացման համար նոր հնարավորություններ անհրաժեշտ չեն լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:

«Երիտասարդների տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում վերջին 3 տարիներին թեև աճել է, սակայն շարունակում է ցածր մնալ: 2013-ին երիտասարդների 43 տոկոսն է տնտեսապես ոչ ակտիվ եղել, 2016-ի հետազոտության արդյունքերով՝ 32.4 տոկոսը: Նման ցուցանիշի պատճառը մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների հնարավորությունների բացակայությունն է: Դպրոցում չունենք հստակ ուղղորդված աշխատանք երեխաների հետ: Քոլեջներում, ուսումնարաններում կարիերայի կենտրոնները ստեղծվել են վերջին տարիներին: Սակայն ներկայումս ԿԳՆ-ի հետ ունենq որոշակի համաձայնություն, որը մշակման փուլում է, և հավանաբար սեպտեմբերից դպրոցներում կլինի մասնագիտական կողմնորոշման շաբաթական գոնե մեկ դասաժամ՝ 8-11-րդ դասարաններում»,-ասաց Հայկուհի Գևորգյանը:

Նրա խոսքով՝ դպրոցներում այս աշխատանքների իրականացման համար նոր հնարավորություններ անհրաժեշտ չեն՝ ոչ հաստիքի, ոչ մասնագետի: «Դպրոցն իրավասու է երեխային հնարավորություն տալու մասնագիտական կողմնորոշման: Մենք պատրաստ ենք վերապատրաստում անցկացնել բոլոր դպրոցների համապատասխան մասնագետների հետ, մեր վերապատրաստումներն ուսումնավարժաքներ են, այլ ոչ թե դասախոսություններ»,-ասաց կենտրոնի տնօրենը:

Նրա կարծիքով՝ դպրոցներում մասնագիտական կողմնորոշում պետք է կատարեն սոցիալական մանկավարժը, հոգեբանը, որոնց պաշտոնի անձնագրերի 6-7 կետը վերաբերում է մասնագիտական կողմնորոշմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում